Սաղմի սառեցում և պահպանում. հարցազրույց բժիշկ-վերարտադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ
2020 Դեկ 24, Հինգշաբթի
Ի՞նչ է էմբրիոնի կրիոկոնսերվացիան:
Էմբրիոնի կրիոկոնսերվացիան արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով ստացված էմբրիոնների սառեցումը և պահպանումն է, որոնք ապասառեցումից հետո, եթե մնում են կենսունակ, օգտագործվում են հետագա սաղմի տեղադրումների ժամանակ:
Ե՞րբ է կատարվում սաղմի սառեցումը:
Էմբրիոնների սառեցումը կարևոր է այն զույգերի համար, որոնք էմբրիոնի թարմ տեղադրումից հետո ունենում են քանակով շատ կենսունակ էմբրիոններ, որոնք ենթարկվում են կրիոկոնսերվացիայի՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել հետագայում: Այդ պատճառով մնացած էմբրիոնները ենթարկվում են կրիոկոնսերվացիայի, և, հղիություն չգրանցվելու դեպքում, հետագայում սաղմերի ապասառեցումից հետո պացիենտին կրկին կատարվում է սաղմի տեղադրում: Դա հնարավորություն է տալիս կրկնակի և ավելի անգամ փորձեր կատարել` հղիանալու նպատակով:
Սաղմերի կրիոկոնսերվացիան կարևորություն ունի նաև այն դեպքում, երբ այդ ցիկլում կնոջ օրգանիզմը դեռևս պատրաստ չէ հղիության: Ինչպես հայտնի է, էմբրիոնների որակը շատ կարևոր է հղիության և նրա հետագա զարգացման համար, սակայն ոչ պակաս կարևոր է նաև արգանդի լորձաթաղանթի վիճակը, արդյո՞ք այն պատրաստ է այդ ցիկլում ընդունել տվյալ էմբրիոնին (սաղմի իմպլանտացիայի կատարման): Այդ պատճառով, եթե արգանդում լինում են ձևաբանական փոփոխություններ (օրինակ` արգանդի միոմա, պոլիպ), որոնք կարող են առաջացնել արգանդի խոռոչի ձևախախտումներ, կարելի է սառեցնել էմբրիոնները և կնոջ մոտ խնդիրները վերացնելուց հետո (միոմայի, պոլիպի հեռացում), երբ լորձաթաղանթն արդեն պատրաստ լինի էմբրիոնի տեղադրմանը, կատարել ապասառեցում ու էմբրիոնի տեղադրում:
Ինչի՞ց է կախված արգանդի լորձաթաղանթի պատրաստ լինելը:
Հաճախ լինում են դեպքեր, երբ տվյալ ցիկլում լորձաթաղանթը եռաշերտ չէ, այսինքն, անհամասեռ է և նրա հաստությունը չի համապատասխանում տեղադրման պատուհանի համար: 8 մմ-ից պակաս հաստությամբ լորձաթաղանթը համարվում է ոչ նպատակահարմար` էբրիոնի իմպլանտացիայի համար: Արդյունավետության տոկոսային հավանականությունը կտրուկ իջնում է: Այդ պատճառով գործընթացը կատարվում է բժիշկ-վերարտադրողաբանների հսկողությամբ՝ ամբողջ ցիկլի ընթացքում, և միայն լորձաթաղանթը պատրաստ լինելու դեպքում է էմբրիոնը տեղադրվում:
Սաղմի սառեցման ի՞նչ այլ պատճառներ կարող են լինել:
Կրիոկոնսերվացիան կարևոր է նաև այն էմբրիոնների համար, որոնք նախապես անցնում են նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում: Երբ կատարվում է էմբրիոնի տրոֆէկտոդերմայի բիոփսիա, մոտավորապես 2 շաբաթ անհրաժեշտ է, որպեսզի այդ գենետիկ հետազոտության արդյունքները հայտնի դառնան, իսկ, քանի որ էմբրիոնն այդքան երկար ինկուբացիոն պայմաններում պահել չի կարելի, այն սառեցվում է: Թեստավորում անցնելուց հետո էմբրիոններից ընտրվում է լավագույնը, ապասառեցվում և հետո միայն տեղադրվում հաջորդ ցիկլում:
Որքա՞ն ժամանակ կարելի է պահել սառեցված սաղմը և ինչպե՞ս է այն պահպանվում:
Այն կարելի է պահել երկար, սակայն պահպանվում է այնքան, որքան պետք է տվյալ իրավիճակում:
Ցանկացած կենսանյութ պահվում է հատուկ կրիոդյուառներում, ազոտի մեջ:
Որքանո՞վ է ապասառեցումից հետո պահպանվում սաղմի կենսունակությունը:
Սաղմի կենսունակությունը ապասառեցումից հետո պահպանվում է 90 տոկոսով: էմբրիոնները հիմնականում վերականգնվում են:
Որքանո՞վ է կարևորվում սաղմի կրիոկոնսերվացիայի դեպքում տարիքը և կոնկրետ ժամանակահատվածը:
Սաղմի սառեցումը հաճախ կատարվում է վերարտադրողական խնդիրների ժամանակ: Կրիոկոնսերվացիան նպատակահարմար է կատարել մինչև 35 տարեկան պացիենտների մոտ՝ գենետիկ խնդիրներից խուսափելու նպատակով: 35-ից բարձր տարիքում 3-4 անգամ ավելանում է գենետիկ անոմալիաներով էմբրիոնների ստացման վտանգը, որը կարող է բերել թե՛ հղիություն չգրանցվելուն, թե՛ հղիության զարգացման խախտման և, ամենավտանգավորը, պտղի զարգացման արատների:
Ինչպիսի՞ն է սաղմի տեղադրման արդյունավետությունը:
Աշխարհում, ԱՄԲ ասպարեզում, մեծ նախապատվություն են տալիս կրիոկոնսերվացիային: Այդ պատճառով ներկայում, շատ դեպքերում, հենց տվյալ ցիկլում թարմ սաղմը չի տեղադրվում, այլ կատարվում է էմբրիոնների կրիոկոնսերվացիա, և հետագայում էմբրիոնը տեղադրվում է պացիենտին լիարժեք նախապատրաստումից հետո: Սառեցնում են էմբրիոնները, և կնոջ արգանդի էնդոմետրիումի համար ամենանպաստավոր ժամանակաշրջանում ընտրվում է տեղադրման պատուհանը, կատարվում է էմբրիոնի ապասառեցում և տեղադրում:
Սաղմերի ապասառեցումը 90 տոկոս արդյունավետություն ունի, այսինքն, հալեցումից հետո էմբրիոնները 90 տոկոսով վերականգնվում են:
Կա՞ սաղմի ընտրման հատուկ մոտեցում` գենետիկ հիվանդություն ունեցողների համար:
Եթե անհատն ունի գենետիկ հիվանդություն, կամ արտահայտված գենետիկ հիվանդությունների ժառանգականություն, սակայն ցանկանում է ունենալ առողջ երեխա, հետագայում ստացված էմբրիոններն անցնում են գենետիկ հետազոտություն, և ընտրվում են գենետիկորեն առողջ էմբրիոնները, հետո միայն կատարվում է էմբրիոնի տեղադրում:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի