Էնդոսկոպիկ հետազոտություն. ախտորոշիչ լապարոսկոպիա, հիստերոսկոպիա
Լապարոսկոպիան վիրահատություն է, որի ժամանակ որովայնի վրա կատարված փոքր անցքերի միջոցով որովայնի խոռոչ են մտցվում հատուկ (օպտիկա ունեցող) տեսասարքեր: Լապարոսկոպիան հնարավորություն է տալիս աչքով տեսնել կնոջ ներքին սեռական օրգանները և ստանալ սպառիչ տեղեկատվություն դրանց վիճակի մասին, հայտնաբերել այն հիվանդությունները, որոնք հնարավոր չէր ախտորոշել հիստերոսալպինգոգրաֆիայի օգնությամբ: Բացի այդ, լապարոսկո¬պիայի շատ կարևոր առավելությունն է հայտնաբերված ախտաբանությունը այդ իսկ պահին բուժելը վիրաբուժական ճանապարհով, ինչը, որոշ դեպքերում, կարող է բավարար լինել բնական ճանապարհով հղիության կայացման համար:
Հիստերոսալպինգոգրաֆիային (ՀՍԳ) և լապարոսկոպիային նախապատրաստվելը և հետազոտությունները: Այս երկու փորձաեղանակները պահանջում են նախորդող հստակ հետազոտություններ` այն վարակները բացառելու նպատակով, որոնց ընթացքը կարող է սրվել այդ արարողությունների հետ կապված: ՀՍԳ-ն ամբուլատոր բուժարարողություն է: Լապարոսկոպիան վիրահատություն է, այդ իսկ պատճառով ցուցված է կարճատև հոսպիտալացում: ՀՍԳ-ն կարող է կատարվել առանց ցավազրկման, իսկ լապարոսկոպիայի համար պահանջվում է ընդհանուր անզգայացում (նարկոզ) և նախնական առավել մանրակրկիտ հետազոտության անհրաժեշտություն կա: Այս բուժարարողոթյունների անցկացման ժամկետները կախված են բժշկի կողմից առաջադրված խնդիրներից:
Հիստերոսկոպիան ախտորոշիչ վիրահատություն է, որի ժամանակ արգանդի խոռոչ է մտցվում օպտիկական համակարգ, ինչը հնարավորություն է տալիս դիտել արգանդի խոռոչը, էնդոմետրիումից (արգանդի լորձաթաղանթից) փորձանմուշ վերցնել հետազոտության համար: Եթե արգանդի խոռոչում կպումներ, պոլիպներ կամ այլ գոյացություններ լինեն, դրանք կարող են հեռացվել: Բուժ-արարողության այս տարբերակը կոչվում է վիրահատական հիստերոսկոպիա:
Շատ կարևոր է պաշտպանվել հղիանալուց այն դաշտանային ցիկլի ընթացքում, որի ժամանակ պլանավորվում է կատարել ՀՍԳ, լապարոսկոպիա և հիստերոսկոպիա: Հայտնի են դեպքեր, երբ երկար սպասված հղիությունը ինքնաբեր կայանում է հենց այն ցիկլում, որի ընթացքում կատարվել է ռենտգենաբանական հետազոտություն, ուստի ցավոք, ստիպված են լինում ընդհատել այդ հղիությունը:
Հարկ է նշել, որ լապարոսկոպիան և հիստերոսկոպիան կատարվում են քաղցած վիճակում` աղիքները պետք է դատարկ լինեն: