Սերմի հետազոտությունը
Ամուսնու (զուգընկերոջ) հետազոտությունը սկսվում է սերմի հետազոտությամբ: Սերմնագրում (սպերմոգրամ) նշվում է սերմի ծավալը, սպերմատոզոիդների ընդհանուր քանակը, նրանց ակտիվ շարժուն և կառուցվածքով նորմալ ձևերի, նաև լեյկոցիտների քանակը: Սերմի ձևաբանական քննությունը (ապակու վրա ֆիքսված սպերմատոզոիդների հետազոտությունը) հնարավորություն է տալիս առավել հստակ որոշել սպերմատոզոիդներում առկա փոփոխությունների բնույթը, նորմալ ձևերի քանակը, ինչը կարող է ծառայել որպես ՕՎՏ մեթոդի ընտրության չափորոշիչներից մեկը: Պետք է նշել, որ սերմի բեղմնավորող ունակության անհատական տատանումները չափազանց մեծ են` հայտնի են ինքնաբեր հղիությունների դեպքեր նաև սերմնագրի ցածր ցուցանիշների դեպքում:
Սերմի ցանքսը հետազոտության մեթոդ է, ինչը բժիշկը նշանակում է թաքնված վարակների հայտնաբերման համար:
Սերմի հանձնման նախապատրաստումը: Սպերմատոզոիդների հասունացումը մեծապես կախված է արտաքին և ներքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից: Սերմի որակը էապես վատթարանում է ալկոհոլի, նիկոտինի, որոշ դեղամիջոցների և սննդային հավելումների, աշխատանքային վնասակար նյութերի, հոգեբանական սթրեսների, գերտաքացման (շոգեբաղնիք, շոգեհարում), նյարդային ընդհանուր գերհոգնածության, սուր և քրոնիկ հիվանդությունների ժամանակ:
Սերմի հանձնում պլանավորելիս անհրաժեշտ է բացառել վնասակար գործոնների ազդեցությունը կամ դրանք հացնել նվազագույնի: Պետք է հիշել, որ սպերմատոզոիդների կազմը լիովին թարմացվում է երեք ամիսների ընթացքում: Ուստի, որքան երկարաժամկետ է հաջողվում պահպանել առողջ ապրելակերպ, այնքան ավելի լավն են լինում արդյունքները: Սերմ հանձնելուց առաջ պարտադիր պահանջ է սեռական ինքնազսպումը (ժուժկալությունը) նախորդող 2-3 օրերի ընթացքում: