Արգանդափողերի անցանելիության ախտորոշում
Ստորև նշված են այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են անպտղության պատճառները որոշելու համար: Դրանք կարող են լինել պոլիպները, կպումները, արգանդի խոռոչում միոմաների առկայությունը կամ արգանդափողային անանցանելիությունը: Այդ նպատակով արգանդի խոռոչ կամ արգանդափողեր են ներարկում կոնտրաստ նյութ, որի տարաբաշխումը վերահսկվում է ռենտգենի կամ գերձայնային սարքի (էխոսկոպ) միջոցով:
Այս հետազոտությունները կոչվում են ռենտգենաբանական կամ գերձայնային հիստերոսալպինգոգրաֆիա (ՀՍԳ)` արգանդափողագրություն. արգանդի և արգանդափողերի վիճակի մասին առավել լիակատար տեղեկություն են տալիս ժամանակակից օպտիկական համակարգերը, որոնց միջոցով կարելի է դիտել և գնահատել փոքր կոնքի օրգանների (լապարոսկոպիա` որովայնադիտում) և արգանդի խոռոչի (հիստերոսկոպիա` արգանդադիտում) վիճակը, ինչպես նաև կատարել էնդոմետրիումի (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթի) նշանառու տեղամասի բիոպսիա (կենսազննում):
Արգանդի և նրա փողերի վիճակը պարզելը կարող է անհրաժեշտ լինել բժշկին նաև անպտղությունը շտկելու առավել նպատակահարմար մեթոդ ընտրելու (օրինակ ԱՄԲ, թե արհեստական սերմնավորում), ինչպես նաև ՕՎՏ ծրագրերին հնարավոր նախապատրաստության բնույթն ու ծավալը որոշելու համար: