Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները (ՕՎՏ) անպտղության բուժման մեթոդներ են, որոնց կիրառման դեպքում բեղմնավորման (սաղմնավորման) և սաղմի վաղ զարգացման առանձին կամ բոլոր փուլերը իրականացվում են մայրական օրգանիզմից դուրս (այդ թվում դոնորական և/կամ սառնակոնսերվացված` կրիոկոնսերվացված, սեռական բջիջների և սաղմերի օգտագործմամբ, ինչպես նաև փոխնակ մայրության կիրառմամբ:
Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին են վերաբերում հետևյալ ծրագրերը և փորձեղանակները.
- արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ),
- սերմնաբջջի (սպերմատոզոիդի) ներարկումը ձվաբջջի (օվօցիտի) բջջապլազմայի (ցիտոպլազմայի) մեջ,
- Սաղմի (էմբրիոնի) թաղանթի հատում (օժանդակ խետչինգ),
- սերմի դոնորություն,
- ձվաբջջի դոնորություն,
- փոխնակ մայրություն,
- սեռաբջիջների (գամետների) և սաղմերի սառնակոնսերվացում,
- նախաներպատվաստումային ժառանգաբանական (գենետիկական) թեստավորում
- վիրահատություն` սերմնաբջիջների ստացման համար ԻՔՍԻ (ICSI) փորձաեղանակի կիրառման դեպքում:
Տղամարդն ու կինը (այսուհետ` հիվանդայցելուները), ինչպես օրինական ամուսնացած կամ չամուսնացած, իրավունք ունեն դիմելու օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը` բժշկական միջամտություն ստանալու համար` երկուստեք տեղեկացված և կամավոր համաձայնության առկայության դեպքում: Միայնակ կինը ևս իրավունք ունի օգտվելու օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից` բուժմիջամտության վերաբերյալ տեղեկացված կամավոր համաձայնություն տալու դեպքում:
Ձվաբջիջների արտամարմնային բեղմնավորումը օրգանիզմից դուրս կարող է իրականացվել ավանդական դասական սերմնավորմամբ (կապացիտացիա` ակտիվացման ենթարկված սերմնաբջիջների հետ ձվաբջիջների միացում) կամ բջջապլազմայի մեջ միակ հայտնաբերված սերմնաբջջի ներարկմամբ:
Որպես բժշկական սպասարկման մեթոդ ՕՎՏ ծրագրի առաջին տարբերակին ամրագրվել է արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) անվանումը, երկրորդին` ԻՔՍԻ (սերմնաբջջի ներարկում ջվաբջջի բջջապլազմային մեջ): ԱՄԲ և ԻՔՍԻ ծրագրերի իրականացման կլինիկական փուլերը նմանատիպ են և ներառում են.
- հիվանդայցելուների ընտրությունը,
- ձվարանային խթանումը,
- ձվարանների ֆոլիկուլների պունկցիան,
- սաղմի փոխադրումը արգանդի խոռոչ,
- լյուտեինային փուլի աջակցումը,
- հղիության ախտորոշումը:
ՕՎՏ կիրառման ցուցումները
- հղիության բացակայությունը մինչև 35 տարեկան կանանց մոտ` 12 ամսվա ընթացքում, իսկ 35 տարեկան և ավել տարիքի դեպքում` 6 ամսվա ընթացքում անպտղությունը բուժելիս,
- երբ անպտղությունը հաղթահարելու հավանականությունը ՕՎՏ-ի կիրառմամբ ավելի մեծ է, քան այլ մեթոդների պարագայում,
- բացարձակ անպտղության դեպքում (արգանդի, ձվարանների, արգանդափողերի բացակայություն, երկկողմանի արգանդափողային անանցանելիություն, սերմում սպերմատոզոիդների իսպառ բացակայություն` ազոսպերմիա, և այլնի ժամանակ,
- սեռական (սեքսուալ) խանգարումների ժամանակ, որոնք խոչընդոտում են սեռական ակտի իրականացմանը,
- դոնորական ձվաբջջի կիրառման անհրաժեշտությունը (օվօցիտի դոնացիա),
- անպտղության իմունաբանական գործոնները` կենսաբանական անհամատեղե-լիությունը սերմի և արգանդավզիկի լորձի միջև,
- անհայտ ծագման անպտղությունը, որը բուժման չի ենթարկվում,
- արհեստական սերմնավորման անհաջող (3 և ավելի) փորձերը,
- արական անպտղությունը (օլիգոզոոսպերմիայի, ասթենոսպերմիայի, ազոսպեր-միայի, ասպերմիայի դեպքում):
ՕՎՏ ցանկացած ծրագիր սկսվում է հիվանդայցելուների հետազոտմամբ (ընտրությամբ):
Այս փուլի նպատակն է վեր հանել ՕՎՏ ծրագրի իրականացման կամ հղիության կրման հակացուցումները, զույգին նախապատրաստել բուժընթացին` ծրագրի մեկնարկի համար լավագույն պայմաններ ապահովելու նպատակով: Այս փուլում չափազանց կարևոր է հիվանդայցելուների կողմից տրամադրվող տեղեկատվու-թյունը: Պետք է բժշկին ներկայացնեք Ձեր առողջությանը վերաբերող բոլոր հայտնի տվյալները, քանի որ որոշ հիվանդություններ և վիրահատություններ (այդ թվում նախկինում կրած), կարող են բացասաբար անդրադառնալ ինչպես ծրագրի ընթացքի, այնպես էլ բուժման արդյունքում կայացած հղիության հետագա զարգացման վրա, երբեմն էլ կարող են հենց բուժման ընթացքում սպառնալից իրավիճակ ստեղծել առողջության և կյանքի համար:
Սաղմնաբանություն (էմբրիոլոգիա)
- Ձվաբջիջների հավաքում
- Ձվաբջիջների բեղմնավորում բնական ճանապարհով (IVF)
- Ձվաբջիջների բեղմնավորում ICSI մեթոդով (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում)
- Ձվաբջիջների բեղմնավորում ICSI մեթոդով ` սպերմատոզոիդի մորֆոլոգիական չափանիշների ընտրությունից հետո (ИМСИ)
- Ձվաբջիջների բեղմնավորում` ֆիզիոլոգիական ICSI մեթոդով (ՊԻՔՍԻ)
- Ստացված սաղմերի կուլտիվացում և պահպանում
- Սաղմի տեղադրում
- Սաղմերի, ձվաբջիջների սառեցում (վիտրիֆիկացիա) և պահպանում
- Սերմի սառեցում, պահպանում
- Սառեցված սաղմերի տեղադրում (Cryo-ET)
- Օժանդակ խետչինգ (assisted hatching) ` սաղմի մեմբրանի արհեստական մասնահատում:
Ստանալ կոնտակտ
Ինձ հետաքրքրում է
Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` ըստ ներկայում գործող գաղտնիության քաղաքականության: Ես տալիս եմ իմ համաձայնությունը օգտագործելու իմ տվյալները` Ձեր ընկերությունից տեղեկատվություն ստանալու համար