Ստորև առավել հաճախակի հանդիպող բարդությունների վերաբերող տեղեկատվություն է:
ՕՎՏ ծրագրերի բարդություններ
- Ձվարանների գերխթանման համախտանիշ (ՁԳՀ). Սա ձվարանների հորմոնային խթանման արդյունք է: Սովորաբար ՁԳՀ-ն թեթև ձևով է ընթանում և արտահայտվում է ձվարանների մեծացմամբ, որովայնի ստորին հատվածում ծանրության զգացումով և դիսկոմֆորտով (անհարմարավետություն): Համախտանիշի ընթացքի վատթարացումը ուղեկցվում է նշված գանգատների ուժգնացմամբ, սրտխառնոով և փսխումով, որովայնի շրջագծի ավելացմամբ: ՁԳՀ-ի առաջին իսկ նշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ ժամանակին սկսված բուժումը կանխում է ծանր վիճակների զարգացումը: ՁԳՀ-ի ծանր դեպքերը պահանջում են ինտենսիվ բուժում ստացիոնարի պայմաններում: Այս համախտանիշի ժամանակ հղիանալը բարդացնում է բուժման կազմակերպումը: ՁԳՀ-ի ժամանակին սկսված բուժումը մեծ մասամբ հնարավորություն է տալիս խուսափել ծանր բարդություններից: Ստացիոնարի պայմաններում բուժում պահանջող ՁԳՀ-ի հաճախությունը չի գերազանցում 1%-ը:
- Ձվարանի ոլորում. այս բարդությունը հանդիպում է նաև ընդհանուր գինեկոլոգիական գործելակարգում: ՕՎՏ ծրագրերում այն հանդիպում է 0,08 - 0,13% հաճախությամբ: Ոլորման պատճառը ձվարանի մեծ չափեր ունենալն է (խթանված լինելու կամ բուշտ (կիստա) պարունակելու հետևանքով): Ոլորումն ի հայտ է գալիս մշտական ցավերով, որոնք գնալով ավելի ուժգին են դառնում: Ժամանակին կատարված վիրահատությունը հնարավորություն է տալիս պահպանել և ձվարանը, և հղիությունը, եթե նույնիսկ այդ ոլորումը տեղի է ունեցել ավելի ուշ` հղիության ընթացքում:
- Ալերգիկ ռեակցիաներ: ՕՎՏ ծրագրերը ներառում են դեղամիջոցների օգտագործում, այդ իսկ պատճառով հնարավոր են ֆարմարտադրողների կողմից նախատեսված բարդություններ:
- Բարդություններ ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ: Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ վնասվածքը նվազագույն է` կապված հյուսվածքները ասեղով ծակելու հետ: Որոշ կանայք (մոտ 8%) ձվարանների պունկցիայից հետո առաջին օրը նշում են ոչ առատ արյունային արտադրություն հեշտոցից, և դա նորմալ է: Իսկ այ ներորովայնային արյունահոսությունը լուրջ, կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը ծագում է ձվարանների անոթների կամ այլ խոշոր անոթների վնասվածքի հետևանքով (հանդիպում է 0,03-ից մինչև 0,5% հաճախությամբ): Արյան մակարդու¬նակության համակարգի հնարավոր թաքնված խանգարումներով պայմանավորված լուրջ արյունահոսություններից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև բուժումը սկսելը մանրակրկիտ հետազոտվել: Քրոնիկական բորբոքային կենսընթացների սրացման պատճառով հնարավոր է հավելումներում պարկանման գոյացությունների (հիդրոսալպինքս) ձևավորում, ինչն անհրաժեշտ է հեռացնել ՕՎՏ-ի կիրառմամբ բուժումն սկսելուց առաջ:
- Բարդություններ վիրաբուժական ճանապարհով սպերմատոզոիդների ստացման ժամանակ: Փոշտի հեմատոմաներ (արյունազեղումներ փոշտի հյուսվածքնե¬րում), ներ¬ամորձային հեմատոմաներ, վիրահատական վերքի վարակահարում: Բարեբախտաբար այսպիսի բարդությունները հանդիպում են 1%-ից պակաս դեպքերում:
- Արտարգանդային հղիություն: Սա հնարավոր է, չնայած այն բանին, որ սաղմերը փոխադրվում են արգանդի խոռոչ (հանդիպում է 2,5% հաճախությամբ): Այնպես որ արգանդափողերի լիակատար հեռացումը չի բացառում նման բարդությունների վտանգը: Հնարավոր են դեպքեր, երբ պտղաձվերից մեկը ամրանում է արգանդի խոռոչում, իսկ մյուսը` արգանդափողում կամ արգանդի վզիկի խողովակում: Պտղաձվերի տարբեր տեղերում ամրանալու այս տարբերակը կոչվում է հետերոտոպիկ (այլտեղային) հղիություն: Ժամանակակից փորձաեղանակները հնարավորություն են տալիս կասեցնել ոչ ճիշտ տեղում ամրացած պտղաձվի հետագա զարգացումը` միաժամանակ պահպանելով արգանդային հղիությունը:
- Բազմապտուղ հղիություն: ՕՎՏ ծրագրերից հետո բազմապտուղ հղիությունների կայացման հաճախությունը ավելի մեծ է, կազմելով շուրջ 24%, իսկ ինքնաբեր հղիությունների դեպքում մոտ 2% է: Բազմապտուղ հղիությունների այդպիսի մեծ հաճախություն ՕՎՏ-ի կիրառումից հետո պայմանավորված է նախևառաջ, արգանդի խոռոչ մի քանի սաղմերի փոխադրումամբ: Բազմապտուղ հղիությունը հաճախ բարդանում է ինքնաբեր վիժումներով և վաղաժամ ծննդաբերություններով: Հղիության կրելախախտի հաճախությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում փոխադրել միայն մեկ սաղմ, իսկ զարգացող բազմապտուղ հղիության ժամանակ, ծայրահեղ դեպքում, կատարել պտուղներից մեկի ռեդուկցիա (նրա զարգացման կասեցում պտղապարկի պունկցիայի ճանապարհով` գերձայնային հետազոտության հսկողության տակ):
- Պտղաձվի զարգացման ոչ նորմալ տարբերակները, ինչպիսին են տրոֆոբլասիկ հիվանդությունները (բջջային զանգված և խորիոնէպիթելիոմա), գործնականում հանդիպում են շատ սակավ դեպքերում, սակայն դրանց առաջացման տեսական հնարավորությունը գոյություն ունի նաև ինքնաբեր հղիության ժամանակ: