Անպտղության ոչ էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան
2022 Դեկ 19, Երկուշաբթի
Ոչ էնդոկրին հիվանդությունները որպես անպտղության պատճառ
Այս խմբի մեջ են մտնում էնդոմետրիոզը, վերարտադրողական օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռական օրգանների զարգացման բնածին արատները, մարմնի քաշի խնդիրները, տարիքը, աբորտները:
Ի՞նչ է էնդոմետրիոզը
Էնդրոմետրիոզը հիվանդություն է, որի ժամանակ արգանդի լորձաթաղանթի ներքին շերտի՝ էնդոմետրիումի հյուսվածքի նման հյուսվածք է սկսում հայտնվել այլ օրգաններում և հյուսվածքներում /ձվարաններում, արգանդի փողերում, արգանդի վզիկում, հեշտոցում/, որտեղ այն նորմայում չպետք է լինի: Էնդոմետրիոզի օջախները դաշտանի ժամանակ գործում են էնդոմետրիումի հյուսվածքի նման և խաթարում այդ օրգանների նորմալ գործունեությունը:
Ի՞նչ մեխանիզմով են ազդում վերարտադրողական օրգանների բորբոքային հիվանդությունները
Բորբոքումները խախտում են արգանդի փողերի անցանելիությունը: Ի հայտ է գալիս, այսպես կոչված, անպտղության փողային գործոնը:
Այդ դեպքերում սպերմատոզոիդները պարզապես չեն կարողանում հասնել ձվաբջջին և բեղմնավորել այն՝ արգանդային փողերի անանցանելիության պատճառով, որը արգելք է հանդիսանում նրանց՝ մինչև ձվաբջիջ ընկած ճանապարհին:
Արգանդի լորձաթաղանթի /էնդոմետրիումի/ բորբոքման ժամանակ ևս խանգարվում է հղիության կայացման ընթացքը, քանի որ վնասված էնդոմետրիումի վրա էմբրիոնի իմպլանտացիան անհնարին է դառնում:
Սեռական օրգանների զարգացման ո՞ր արատներն են հաճախ անպտղության պատճառ դառնում
Ցանկացած օրգանի անլիարժեքություն թույլ չի տալիս նրան նորմալ գործել: Նույնը դիտարկվում է նաև սեռական օրգանների զարգացման բնածին արատների ժամանակ:
Կարող են լինել միաեղջյուր, երկեղջյուր կամ թամբաձև արգանդ, հեշտոցի միջնորմ, արգանդի փողերի կամ ձվարանների զարգացման արատներ:
Հանդիպում է նաև արգանդի բացակայություն – Ռոկիտանսկի-Կլյուստների համախտանիշ:
Այս համախտանիշն իրենից ներկայացնում է արգանդի, նրա փողերի, հեշտոցի լրիվ բացակայություն կամ թերզարգացում:
Ընդ որում, այդպիսի կանայք ունենում են նորմալ կարիոտիպ 46XX, արտաքին սեռական օրգաններ: Եվ, ինչը շատ կարևոր է՝ նորմալ գործող ձվարաններ: Դա նշանակում է, որ ձվարաններում հասունանում են ձվաբջիջները: Սակայն գենետիկորեն հարազատ երեխայի ծնունդը հնարավոր է միայն ԱՄԲ փոխնակ մայրության ծրագրով: Ընդ որում, էմբրիոնները, որոնք ստացվել են ամուսնու սերմնահեղուկով կնոջ ձվաբջիջների բեղմնավորումից, տեղափոխվում են փոխնակ մոր արգանդի խոռոչ:
Բժշկական միջամտությունը անպտղության պատճառ
Բժշկական աբորտների բարդությունները նույնպես, որպես օրենք, անպտղություն են առաջացնում:
Ներարգանդային գործիքային միջամտությունները կարող են առաջացնել արգանդի վզիկի խողովակների նեղացում կամ վնասել արգանդի լորձաթաղանթը՝ էնդոմետրիումը:
Արգանդում զարգանում են սպիներ, որոնք թույլ չեն տալիս բեղմնավորված ձվաբջջին նորմալ ամրանալ: Իսկ արգանդի վզիկի վնասումը բերում է պտղի կրելիության խանգարման՝ հղիության բացակայության կամ տարբեր ժամկետներում վիժման:
Ի՞նչ դեր են խաղում անպտղության առաջացման մեջ մարմնի քաշը և տարիքը
Մարմնի ավելցուկային կամ անբավարար քաշը, ինչպես նաև տարիքը, կարևոր գործոն են անպտղության հարցերում:
Մեր ժամանակների լուրջ խնդիրներից է հղիության հետաձգումը ավելի ուշ ժամկետներ:
Իսկ հղիության հաջողությունը սերտորեն կապված է կնոջ տարիքի հետ: Այսօր կանայք ավելի հաճախ են ձգտում երեխա ունենալու 30 տարեկանից հետո, երբ անպտղության գործոնների կուտակման ազդեցությունը գնալով աճում է:
Հղիության հավանականության նվազումը տարիքի հետ ակնհայտ է: Ամենակարևոր պատճառը ձվարանային պաշարի պակասումն է, տուժում է ձվաբջիջների քանակը և որակը, որոնցից կախված է բեղմնավորումը, նաև՝ էմբրիոնների որակը:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի