ԱՄԲ-ն եվ կնոջ տարիքը․ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Սայադյան
2022 Նոյ 07, Երկուշաբթի
Տարիքի կարևորությունը արտամարմնային բեղմնավորման ժամանակ /ԱՄԲ/
Կնոջ տարիքը վերարտադրողական գործառույթի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն արտամարմնային բեղմնավորման դեպքում, այլ նաև բնական ճանապարհով հղիության ժամանակ: Դա կապված է այն փաստի հետ, որ աղջիկը ծնվում է ձվարանային որոշակի պաշարով, որը տարիների ընթացքում՝ ամեն դաշտանային ցիկլի ժամանակ ձվազատումների, որոշ ձվաբջիջների հետաճի հետևանքով նվազում է: Նվազման արտահայտվածությունն ավելի ակնհայտ է դառնում 35 տարեկանից հետո:
Այդ առումով ո՞ր տարիքն է համարվում սահմանային
Հաշվի առնելով ֆոլիկուլային պաշարի նվազումը՝ 35 տարեկանը վերարտադրողական առումով կնոջ համար համարվում է սահմանային շրջան: Դա է պատճառը, որ փոխնակ մայր և ձվաբջջի դոնոր հանդիսանալու համար կնոջ տարիքը սահմանված է մինչև 35 տարեկանը: Այդ տարիքն է համարվում լավագույն վերարտադրողական տարիք, այդ տարիքում է հղիության հասնելու հավանականությունն ամենաբարձր:
Նույնը վերաբերում է ԱՄԲ-ին, քանի որ, որքան էլ դեղորայքի միջոցով ձվարանների խթանման արդյունքում ձվաբջիջներ ստացվեն, միևնույնն է, տարիքային գործոնն ունի իր ազեցությունը բուժման արդյունավետության վրա: Եվ ԱՄԲ-ի արդյունավեությունը նույնպես ամենաբարձրն է մինչև 35 տարեկան կանանց խմբում:
Տարիքին զուգահեռ նվազում է ոչ միայն ձվաբջիջների քանակը, այլ նաև որակը, և 35-ից բարձր տարիքի կանանց խմբում ժառանգական խնդիրներով նորածինների ծնունդի ռիսկը մեծանում է, ինչպես նաև մեծանում է չզարգացող հղիությունների, վիժումների հաճախությունը: Այդ պատճառով ուշ վերարտադրողական տարիքում և՛ նորմալ, և՛ ԱՄԲ-ով հղիանալու դեպքում իրականացվում են սքրինինգային գենետիկ հետազոտություններ: ԱՄԲ-ի դեպքում իրականացվում է նախաիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում, և առողջ սաղմերն են տեղադրվում կնոջ արգանդի խոռոչ:
Կա՞ն այլ գործոններ, որոնք նույնպես սահմանափակում են ԱՄԲ-ի հնարավորությունները
Տարիքը կարևոր գործոն է համարվում ԱՄԲ-ի դեպքում, սակայն, բնականաբար, կան շատ այլ գործոններ, որոնք ևս ազդում են ԱՄԲ-ի արդյունավետության վրա: Ուշ տարիքում հղիության հետ կապված խնդիրները առողջ և համապատասխան քանակի ձվաբջիջներ ստանալուց բացի պայմանավորված են նաև կնոջ առողջական վիճակով: 40-ից հետո կարող են ի հայտ գալ տարբեր առողջական խնդիրներ՝ զարկերակային հիպերտենզիա, սիրտ-անոթային հիվանդություններ և այլն, որոնք նույնպես բարդացնում են հղիության ընթացքը: Եվ նույնիսկ սառցապահպանված, երիտասարդ ձվաբջիջներով ստացված հղիության դեպքում հղիություն կրելը բարդանում է և՛ մոր, և՛ նորածնի համար:
Որո՞նք են ուշ մայրանալու պատճառները
Վերջին տարիներին կնոջ սոցիալական դիրքի փոփոխությունն ամբողջ աշխարհում պատճառ է դարձել, որ կանայք հաճախ կյանքի ավելի ուշ շրջան հետաձգեն իրենց մանկածնման գործառույթը, հետևաբար ավելի հաճախ ենք առնչվում այդ խնդրի հետ:
Ուշ մայրանալու պատճառները կարող են լինել ինչպես կնոջ ցանկությամբ, այնպես էլ՝ հանգամանքների բերումով, երբ կինը զուգընկեր չունի, ամուսնացած չէ, կամ ամուսնության դեպքում անպտղության խնդիր ունի, որի բուժումն անհիմն ձգձգվելու պատճառով ավելի ուշ՝ վերարտադրողական տարիքում է դիմում օժանդակ տեխնոլոգիաների: Իսկ, քանի որ 35-40 և բարձր տարիքում արդեն հնարավորությունները սահմանափակ են, կանգնում է խնդիրների առաջ:
Ձվարանային պաշարի տատանումները տարբեր կանանց մոտ
Ձվարանային պաշարի 35-37 տարեկանում սահմանային լինելն անհատական է. երբեմն պաշարի նվազման խնդիրները կարող են սկսվել 32-33 տարեկանից, մեկ այլ կնոջ մոտ՝ գենետիկայով պայմանավորված, 42-43-ից և ավելի: Այդ պատճառով, անգամ 45 տարեկանում, եթե հակացուցումներ չկան, կնոջ ցանկության դեպքում կատարվում է ձվարանային խթանում, բայց հիմնականում այն ավարտվում է անհաջողությամբ:
Ընդհանրապես կինը կարող է դիմել վերարտադրողական տեխնոլոգիաների անգամ մինչև 53 տարեկանը՝ համաձայն ՀՀ օրենքի: Բայց դա չի նշանակում, որ դա ցանկալի տարիք է: Եվ 37- 40 տարեկանից հետո պետք է կնոջը ճիշտ բացատրվեն օրգանիզմի
վերարտադրողական հնարավորությունները:
Կան երկրներ, որտեղ 40 տարեկանից արդեն բժշկական ցուցումով առաջարկվում են դոնորական ձվաբջիջներ: Սակայն մեզ մոտ այդ առաջարկը հաճախ հոգեբանորեն շատ ծանր է ընդունվում:
Պատերազմից հետո մենք առնչվեցինք երեխա կորցրած ծնողներից ոմանց նորից մայրանալու որոշման փաստի հետ: Նրանք 35-40 և ավելի բարձր տարիքի կանայք են, սակայն մեզ մոտ ամեն բան արվում է որդեկորույս մայրերին մայրության բերկրանքը կրկին պարգևելու համար:
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, եթե կինը հետաձգում է իր մայրանալը
Եթե կինը որոշում է կայացրել հետաձգելու մայրանալու գործառույթը, պետք է անպայման խորհրդակցի մասնագետի հետ, կատարի որոշ հետազոտություններ՝ գնահատելու համար ձվարանային պաշարը: Բժշկի հետ խորհրդակցելով, հասկանալով հետագայում մայրանալու հնարավորության սահմանափակման դժվարությունները, նա կարող է դիմել ձվաբջիջների սառեցման ծրագրին:
Եթե հետաձգման որոշումն ավելի երիտասարդ՝ 35 տարեկանում է կայացվել, կարող է դիմել ձվաբջիջների սառցապահպանման ծրագրին, որի դեպքում ձվարանային խթանումից ավելի լավ արդյունք, ավելի առողջ և երիտասարդ ձվաբջիջներ են ստացվում, և հետագայում հղիանալու հավանականությունն ավելի մեծ է լինում: Եթե կինն անգամ 40 տարեկանում փորձի մայրանալ ԱՄԲ-ով, ձվաբջիջները կլինեն մինչև 35 տարեկան:
Մինչև 35 տարեկան կանանց խմբում ԱՄԲ արդյունավետության տոկոսն ամբողջ աշխարհում լավագույն դեպքում 40-45 է: Բնականաբար, տարիքի հետ այդ տոկոսները նվազում են, և, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է հասնել հղիության և երեխայի ծնունդի:
ԱՄԲ-ի ժամանակ որևէ դեր խաղո՞ւմ է տղամարդու տարիքը
Տղամարդկանց մոտ վերարտադրողական տարիք ըստ ԱՀԿ-ի համարվում է 14-60-ը: Հաշվի առնելով այն փաստը, որ տղամարդկանց մոտ վերարտադրողական տարիքում որոշակի պարբերականությամբ սերմնաբջիջներ արտադրվում են, տղամարդկանց մոտ պտղաբերությունն ավելի երկար է պահպանվում: Իհարկե, տարիքին զուգահեռ հնարավոր է սերմնաբջիջների որակի և քանակի փոփոխություն, սակայն դա ստուգվում է, և եթե սերմը ֆերտիլ է, ապա կարելի է օգտագործել:
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ մեծ տարիքում իրականացվող ԱՄԲ-ի դեպքում
Եթե կինը որոշում է հետաձգել մայրանալը, կամ առկա է անպտղություն, դիմում է գինեկոլոգի, վերարտադրողաբանի: Անպտղության պատճառը հայտնաբերելու համար բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ: Իսկ կոնկրետ տարիքային առումով ձվարանային պաշարի գնահատման համար կան ցուցանիշներ, որոնք վկայում են ձվարանային պաշարի նվազման կամ նորմալ լինելու մասին: Դրանցից է՝ հակամյուլլերյան և ֆոլիկուլոխթանող հորմոնի մակարդակների որոշումը, ինչպես նաև ՈՒՁՀ հետազոտությամբ ձվարանային պաշարի գնահատումը՝ ձվարանում եղած անտրալ ֆոլիկուլների քանակի որոշումը:
Եթե կնոջ ձվարանային պաշարն արտահայտված նվազած է, սովորաբար, նույնիսկ դեղորայքային խթանման արդյունքում, հնարավոր չի լինում ձվաբջիջներ ստանալ: Այդ դեպքում կնոջն առաջարկվում է դոնորական ձվաբջիջների օգտագործում:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի