Անպտղության հիմնական պատճառներից մեկը արգանդի փողերի անցանելիության խանգարումն է: Այդ խնդիրը հայտնաբերելու թեստերի հիմնական հնգյակի (գինեկոլոգիական զննում, ՈՒՁՀ, վարակիչ և հորմոնալ հետազոտություններ) մեջ է հիստերոսալպինոգրաֆիան (ՀՍԳ):
Հիստերոսալպինոգրաֆիան իրականացվում է կա՛մ ռենտգեն, կա՛մ ՈՒՁՀ հետազոտության սարքավորումներով: Հետազոտությունը շատ պարզ է. արգանդի վզիկով արգանդի խոռոչ և փողերի մեջ լցվում է հատուկ հեղուկ: Եթե անանցանելիություն չկա, հեղուկն անարգել լցվում է որովայնի խոռոչ:
Այս հետազոտությամբ իրականացվում է ոչ միայն փողերի անանցանելիության, այլ նաև արգանդի շատ հիվանդությունների ախտորոշում: Հայտնաբերվում են արգանդի խոռոչի տարբեր պաթոլոգիաներ, ենթալորձաթաղանթային միոմատոզ հանգույցներ, պոլիպներ, էնդոմետրիումի հիպերպլազիա:
Հետազոտությունից առաջ կատարվում են վարակների հետազոտություններ վարակիչ գործընթացի տարածումը բացառելու համար:
Մինչ ՀՍԳ-ն անհրաժեշտ է նաև կիրառել բժշկի մի շարք ցուցումներ:
Նախապատրաստումը.
Հետազոտությունն իրականացվում է դաշտանի ավարտից 2-5 օր անց: Հետազոտությունից 30 րոպե առաջ բուժառուն պետք է ընդունի հանգստացնող դեղորայք (օրինակ, դիազեպամ) կամ պրոստոգլանդինի ինհիբիտորներ՝ հետազոտության ժամանակ առաջացող սպաստիկ ոչ ուժեղ ցավը մեղմելու նպատակով:
ՀՍԳ ընթացքը
Բուժառուի հեշտոցի մեջ ներդրվում է հայելի, արգանդի վզիկը ամրացվում է աքցաններով, և խողովակով ներմուծվում է կոնտրաստ նյութը, ապա տարբեր դիրքերով կատարվում է ռենտգենոսկոպիա:
ՀՍԳ-ից հետո կարող են դիտվել տենդ, ցավ, հաճախասրտություն, թուլություն: Այս դեպքում անհրաժեշտ է հանգստացնել բուժառուին, բացատրել, որ այդ ամենն անցողիկ է:
Հետազոտությունն անվնաս է, տևում է 30 րոպեից ոչ ավելի, իրականացվում է առանց անզգայացման: Եթե բուժառուն զգայուն է ցավի նկատմամբ (կարող է մի փոքր ցավ լինել), կարելի է տեղային անզգայացում կիրառել: Հետազոտությունից մի քանի ժամ անց հիվանդը կարող է տուն գնալ:
Ախտորոշիչ նշանակությունից բացի ՀՍԳ-ն ունի նաև բուժական ազդեցություն. ներմուծվող հեղուկի ճնշման արդյունքում փոքր կպումները կարող են բացվել: