Արտամարմնային բեղմնավորում. հարցազրույց վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ
2022 Մայ 06, Ուրբաթ
Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):
Արտամարմնային բեղմնավորումը (լատիներեն ECO հապավումն է. extra` արտաքին, corpus` մարմին, և բացատրում այս մեթոդի էությունը՝ բեղմնավորում մարմնից դուրս):
ԱՄԲ-ն իրականացվում է կնոջ օրգանիզմից ձվաբջիջների ստացմամբ, որոնք տղամարդու սպերմատոզոիդներով բեղմնավորում են արհեստականորեն՝ «փորձանոթում» («in vitro»): Ստացված էմբրիոնը պահվում է ինկուբատորային պայմաններում, որտեղ այն զարգանում է 5 օր: Դրանից հետո հետագա զարգացման համար էմբրիոնը տեղադրվում է կնոջ արգանդի խոռոչում:
ԱՄԲ-ն բարդ գործընթաց է և իրականացվում է միայն բարձրկարգ մասնագետների հսկողությամբ:
Որքա՞ն ժամանակ է, ինչ ներդրվել է բժշկության մեջ` ընդհանրապես և Հայաստանում` մասնավորապես:
ԱՄԲ զարգացման պատմությունն արդեն 40 տարուց ավելի է: 1978 թվականի հուլիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ եկավ ԱՄԲ արդյունքում ծնված առաջին երեխան՝ Լուիզա Բրաունը: Դա հնարավոր եղավ բժիշկներ Ռոբերտ էդվարդսի և Պատրիկ Ստեպտոուի ջանքերի շնորհիվ, որոնք դարձան «բոլոր փորձանոթային երեխաների հայրերը»: Այսօր այդ մեթոդը դարձել է անպտուղ ամուսնական զույգերին երեխա պարգևելու չափազանց կարևոր և խոստումնալից եղանակ: Հայաստանում մեթոդի պիոներ դարձավ մեր կենտրոնի ԱՄԲ բաժանմունքը՝ պրոֆեսոր Գ. Գ. Օկոևի գլխավորությամբ: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում առաջին «փորձանոթային երեխաները» ծնվել են 2004-ի փետրվարի 2-ին` կեսարյան հատման եղանակով. աղջիկ՝ 2250 գր քաշով, 45 սմ հասակով, տղա՝ 2550 գր քաշով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890 գր քաշով, 43 սմ հասակով:
Ինչպե՞ս նախապատրաստվել ԱՄԲ-ին:
Մինչև սուպերօվուլյացիայի գործընթացը ամուսնական զույգը պետք է անցնի որոշ ժամանակ պահանջող նախապատրաստական շրջան, կատարվեն մի շարք հետազոտություններ: Դրանից հետո իրականացվում է սուպերօվուլյացիայի խթանումը՝ անհրաժեշտ քանակի ձվաբջիջներ ստանալու նպատակով: Բնական ցիկլի ժամանակ կնոջ մոտ, սովորաբար, հասունանում է մեկ, հազվադեպ՝ երկու ֆոլիկուլ, այսինքն, մեկ կամ երկու ձվաբջիջ, իսկ արհեստական բեղմնավորման համար այդ քանակը կարող է անբավարար լինել:
Հորմոնալ պատրաստուկների ընդունման ֆոնի վրա՝ խթանման գործընթացի ժամանակ, ՈՒՁՀ օգնությամբ գնահատվում է ֆոլիկուլների աճի ընթացքը: Դա հնարավորություն է տալիս հետևել, թե ինչպես են հասունանում ֆոլիկուլները, և ինչպես է փոխվում էնդոմետրիումը` ցիկլի առաջին ֆազայում: Նորմայում ամեն օր ֆոլիկուլները պետք է մեծանան 2 մմ-ով, իսկ էնդոմետրիումը՝ 1 մմ-ով: Ընթացքում կատարվում է հորմոնալ մոնիթորինգ, արյան մեջ որոշվում է էստրադիոլի մակարդակը:
Խթանման սկզբից մոտավորապես 10-12 օր անց իրականացվում է ձվաբջիջների հավաքումը, որն անվանվում է «ձվարանների պունկցիա»: Պունկցիայի օրը զուգընկերը կլինիկայում հանձնում է սպերման: Երբ արդեն կան և՛ ձվաբջիջները, և՛ տղամարդու սպերմատոզոիդները, իրականացվում է արհեստական բեղմնավորում՝ ԱՄԲ, որն աշխարհում անվանվում է IVF (in vitro fertilization): Այնուհետև ստացված էմբրիոնները 5 օր զարգանում են հատուկ ինկուբատորային միջավայրում: Պահպանվում են հատուկ ջերմաստիճանային, խոնավության պայմաններ: Հինգերորդ օրը էմբրիոնները տեղադրվում են կնոջ արգանդի խոռոչում և կնոջը նշանակվում են պատրաստուկներ, որոնց օգնությամբ նրա օրգանիզմը պատրաստվում է հղիության:
ԱՄԲ ամենահամապատասխան ուղեցույցը վերարտադրողաբանի կողմից ընտրվում է անհատականորեն՝ առաջնորդվելով յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակով:
Խոսենք կողմնակի ազդեցության՝ ձվարանների գերխթանման համախտանիշի մասին (ՁԳԽՀ):
ԱՄԲ բարդություններից է ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշը: ՁՀՍՀ-ի ռիսկի գործոններն են՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, 35 –ից բարձր տարիքը, ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշի առկայությունը նախկինում, մարմնի ցածր քաշը, արյան մեջ էստրադիոլի բարձր քանակությունը, չափից շատ՝ 35-ից ավելի ֆոլիկուլների հասունացումը:
Հարկ է ժամանակին ախտորոշել ՁՀՍՀ-ն և իրականացնել կանխարգելիչ համապատասխան միջոցառումներ:
Կանխարգելման տարբերակներից է դեղորայքի ճիշտ ընտրությունը` որպես օվուլյացիայի տրիգգեր, արգանդի խոռոչում էմբրիոնի տեղադրման հետաձգումը և ստացված բոլոր էմբրիոնների կրիոկոնսերվացիան: Արգանդի խոռոչում էմբրիոնի տեղադրման հետաձգումը հաճախ կանանց մոտ հուզմունքի և սթրեսի պատճառ է դառնում, սակայն դա բարդություններից խուսափելու պարտադրված միջոց է: Կնոջ վերականգնման շրջանը 1-2 ցիկլ է, դրանից հետո իրականացվում է սառեցված էմբրիոնի տեղադրումը:
Անհաջողությունների և հիասթափությունների երկար ճանապարհ անցած ամուսնական զույգերը մեզ դիմում են արդեն հոգեբանական խորը տրավմայի վիճակում: Դրանով բարդանում է վերարտադրողաբանի աշխատանքը. անհրաժեշտ է նախ՝ օգնել կնոջը հաղթահարել սեփական վախերը, կասկածները և, ամենակարևորը, անվստահությունը, ու հավատալ հաջողությանը, հավատալ, որ բժշկի օգնությամբ քայլ առ քայլ մոտենում է ծնող դառնալու երջանկությունը:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի