Գլխավոր | Լուրեր | Արտամարմնային բեղմնավորում. հարցազրույց վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ

Արտամարմնային բեղմնավորում. հարցազրույց վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ


2022 Մայ 06, Ուրբաթ

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):
Արտամարմնային բեղմնավորումը (լատիներեն ECO հապավումն է. extra` արտաքին,  corpus` մարմին, և բացատրում այս մեթոդի էությունը՝ բեղմնավորում մարմնից դուրս):

ԱՄԲ-ն իրականացվում է կնոջ օրգանիզմից ձվաբջիջների ստացմամբ, որոնք տղամարդու սպերմատոզոիդներով  բեղմնավորում են արհեստականորեն՝ «փորձանոթում»  («in vitro»): Ստացված էմբրիոնը պահվում է ինկուբատորային պայմաններում, որտեղ այն զարգանում է 5 օր: Դրանից հետո հետագա զարգացման համար էմբրիոնը տեղադրվում է կնոջ արգանդի խոռոչում:

ԱՄԲ-ն բարդ գործընթաց է և իրականացվում է միայն բարձրկարգ մասնագետների հսկողությամբ:

Որքա՞ն ժամանակ է, ինչ ներդրվել է բժշկության մեջ` ընդհանրապես և Հայաստանում` մասնավորապես:

ԱՄԲ զարգացման պատմությունն արդեն 40 տարուց ավելի է: 1978 թվականի հուլիսի 25-ին Անգլիայում  լույս աշխարհ եկավ ԱՄԲ արդյունքում ծնված առաջին երեխան՝ Լուիզա Բրաունը: Դա հնարավոր եղավ բժիշկներ Ռոբերտ էդվարդսի և Պատրիկ Ստեպտոուի ջանքերի շնորհիվ, որոնք դարձան «բոլոր փորձանոթային երեխաների հայրերը»: Այսօր այդ մեթոդը դարձել է անպտուղ ամուսնական զույգերին երեխա պարգևելու չափազանց կարևոր և խոստումնալից եղանակ: Հայաստանում մեթոդի պիոներ դարձավ մեր կենտրոնի ԱՄԲ բաժանմունքը՝ պրոֆեսոր Գ. Գ. Օկոևի գլխավորությամբ: Մոր և մանկան առողջության պահպանման  գիտահետազոտական կենտրոնում առաջին «փորձանոթային երեխաները» ծնվել են 2004-ի փետրվարի 2-ին` կեսարյան հատման եղանակով. աղջիկ՝ 2250 գր քաշով, 45 սմ հասակով, տղա՝ 2550 գր քաշով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890 գր քաշով, 43 սմ հասակով:

Ինչպե՞ս նախապատրաստվել ԱՄԲ-ին:

Մինչև սուպերօվուլյացիայի գործընթացը ամուսնական զույգը պետք է անցնի որոշ ժամանակ պահանջող նախապատրաստական շրջան, կատարվեն մի շարք հետազոտություններ: Դրանից հետո իրականացվում է սուպերօվուլյացիայի խթանումը՝ անհրաժեշտ քանակի ձվաբջիջներ ստանալու նպատակով: Բնական ցիկլի ժամանակ կնոջ մոտ, սովորաբար, հասունանում է մեկ, հազվադեպ՝ երկու ֆոլիկուլ, այսինքն, մեկ կամ երկու ձվաբջիջ, իսկ արհեստական բեղմնավորման համար այդ քանակը կարող է անբավարար լինել:

Հորմոնալ պատրաստուկների ընդունման ֆոնի վրա՝ խթանման գործընթացի ժամանակ, ՈՒՁՀ օգնությամբ գնահատվում է ֆոլիկուլների աճի ընթացքը: Դա հնարավորություն է տալիս հետևել, թե ինչպես են հասունանում ֆոլիկուլները, և ինչպես է փոխվում էնդոմետրիումը` ցիկլի առաջին ֆազայում: Նորմայում ամեն օր ֆոլիկուլները պետք է մեծանան 2 մմ-ով, իսկ էնդոմետրիումը՝ 1 մմ-ով: Ընթացքում կատարվում է հորմոնալ մոնիթորինգ, արյան մեջ որոշվում է էստրադիոլի մակարդակը:

Խթանման սկզբից մոտավորապես 10-12 օր անց իրականացվում է ձվաբջիջների հավաքումը, որն անվանվում է «ձվարանների պունկցիա»: Պունկցիայի օրը զուգընկերը կլինիկայում հանձնում է սպերման: Երբ արդեն կան և՛ ձվաբջիջները, և՛ տղամարդու սպերմատոզոիդները, իրականացվում է արհեստական բեղմնավորում՝ ԱՄԲ, որն աշխարհում անվանվում է IVF (in vitro fertilization): Այնուհետև ստացված էմբրիոնները 5 օր զարգանում են հատուկ ինկուբատորային միջավայրում: Պահպանվում են հատուկ ջերմաստիճանային, խոնավության պայմաններ: Հինգերորդ օրը էմբրիոնները տեղադրվում են կնոջ արգանդի խոռոչում և կնոջը նշանակվում են  պատրաստուկներ, որոնց օգնությամբ նրա օրգանիզմը պատրաստվում է հղիության:

ԱՄԲ ամենահամապատասխան ուղեցույցը վերարտադրողաբանի կողմից ընտրվում է անհատականորեն՝ առաջնորդվելով յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակով:

Խոսենք կողմնակի ազդեցության՝ ձվարանների գերխթանման համախտանիշի մասին (ՁԳԽՀ):

ԱՄԲ բարդություններից է ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշը: ՁՀՍՀ-ի ռիսկի գործոններն են՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, 35 –ից բարձր տարիքը, ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշի առկայությունը նախկինում, մարմնի ցածր քաշը, արյան մեջ էստրադիոլի բարձր քանակությունը, չափից շատ՝ 35-ից ավելի ֆոլիկուլների հասունացումը:

Հարկ է ժամանակին ախտորոշել ՁՀՍՀ-ն և իրականացնել կանխարգելիչ համապատասխան միջոցառումներ:

Կանխարգելման տարբերակներից է դեղորայքի ճիշտ ընտրությունը` որպես օվուլյացիայի տրիգգեր, արգանդի խոռոչում էմբրիոնի տեղադրման հետաձգումը և ստացված բոլոր էմբրիոնների կրիոկոնսերվացիան: Արգանդի խոռոչում էմբրիոնի տեղադրման հետաձգումը հաճախ կանանց մոտ հուզմունքի և սթրեսի պատճառ է դառնում, սակայն դա բարդություններից խուսափելու պարտադրված միջոց է: Կնոջ վերականգնման շրջանը 1-2 ցիկլ է, դրանից հետո իրականացվում է սառեցված էմբրիոնի տեղադրումը:

Անհաջողությունների և հիասթափությունների երկար ճանապարհ անցած ամուսնական զույգերը մեզ դիմում են արդեն հոգեբանական խորը տրավմայի վիճակում: Դրանով բարդանում է վերարտադրողաբանի աշխատանքը. անհրաժեշտ է նախ՝ օգնել կնոջը հաղթահարել սեփական վախերը, կասկածները և, ամենակարևորը, անվստահությունը, ու հավատալ հաջողությանը, հավատալ, որ բժշկի օգնությամբ  քայլ առ քայլ մոտենում է ծնող դառնալու երջանկությունը:

Վերջին լուրեր

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի

Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ

2024 Հուն 18, Հինգշաբթի

Հայաստանը բժշկական տուրիզմի երկիր՝ ԱՄԲ ծրագրով

2024 Հուն 15, Երկուշաբթի

Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ

2024 Հուն 15, Երկուշաբթի