Վերարտադրողական ոլորտի նորագույն զարգացումները անպտղությամբ տառապող շատ զույգերի հնարավորություն է տալիս երեխա ունենալ: Այդ մեթոդներից է կրիոկոնսերվացիան: Արտամարմնային եղմնավորման (ԱՄԲ) ժամանակ կենսանյութի սառեցման շնորհիվ պահպանվում են առողջ էմբրիոնները, որոնք մնացել էին ներդրումից հետո, և կինը կրկնակի իմպլանտացիայի հնարավորություն է ունենում:
Կրիոսառեցման մեթոդի տեխնոլոգիան ներառում է էմբրիոնի ստացոմը և նրա տեղադրումը հատուկ միջավայրում՝ հեղուկ ազոտ, որտեղ այն գտնվում է մինչև -196°C ցածր ջերմաստիճանային պայմաններում: Այդ պայմաններում բջջի ներսում բոլոր կենսաբանական գործընթացները դադարում են՝ պահպանելով, սակայն, նրա կենսունակությունը:
Այդ կերպ կենսանյութը հնարավոր է պահպանել երկար ժամանակ: էմբրիոնի պահպանման առավելագույն ժամկետը սահմանափակված չէ, թեև օգտագործվում են կրիոբանկում 10 տարուց ոչ ավելի պահված էմբրիոնները: Եղել են դեպքեր, երբ հաջողությամբ օգտագործվել են 25 տարի պահված էմբրիոններ:
Կրիոկոնսերվացիա իրականացվում է, երբ կա.
- ԱՄԲ-ից հետո ավելացած էմբրիոնների պահպանման անհրաժեշտություն,
- վաղ դաշտանադադարի ժառանգական նախատրամադրվածություն,
- քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կամ այլ ագրեսիվ բուժման անհրաժեշտություն, որոնց դեպքում կարող է խանգարվել սեռական բջիջների զարգացումը,
- սեռական օրգանների վիրահատություններ,
- ավելի ուշ երեխա ունենալու զույգի ցանկություն,
- ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշի առկայություն և դաշտանային ցիկլի ծանր խանգարումներ, որոնք նվազեցնում կամ բացառում են կրկնակի ԱՄԲ իրականացումը,
- ծրագրում փոխնակ մոր մասնակցություն:
Սառեցման կարելի է ենթարկել նաև ձվաբջիջները և սպերման:
Էմբրիոնի սառեցման եղանակը
Մինչ սառեցումն ուսումնասիրվում է կենսանյութը և ընտրվում են կենսունակ ու առողջ էմբրիոնները
Կա սառեցման երկու եղանակ.
- Դանդաղ սառեցում, երբ կիրառվում է աստիճանական սառեցում` մինչև հեղուկ ազոտի մեջ էմբրիոնների սուզումը:
- Վիտրիֆիկացիա, որի ժամանակ էմբրիոնները սառեցվում են գրեթե ակնթարթորեն՝ առանց բյուրեղացման:
Կրիոկոնսերվացիայի ընթացքի հերթականությունը հետևյալն է.
- Իմպլանտացիայից հետո մնացած էմբրիոններից ընտրվում են բլաստոցիտային կամ զիգոտային փուլի ամենաամուրները և առողջները զույգ թվով՝ 2, 4, 6 կամ 8:
- Սառեցումից առաջ էմբրիոնից հեռացվում է ջուրը, այլապես հետո կձևավորվեն սառցե բյուրեղներ, որոնք կպատռեն բջջաթաղանթները: Դրա համար հյուսվածքները, նախ, իջեցնում են բուֆերային լուծույթի մեջ, և միայն մի քանի րոպեից տեղադրում կրիոպրոտեկտորով տարայում: Մշակման ընթացքում էմբրիոնը սկզբում փոքրանում է, իսկ հետո, երբ ջուրը լիովին փոխարինվում է կրիոպրոտեկտորով, վերականգնում է իր ծավալը, ինչը նշանակում է, որ այն պատրաստ է երկարատև սառեցման:
- Պատրաստված նյութը տեղադրվում է նախապես սառեցված խողովակաձև պոլիմերային տարայում: Մեկ փորձանոթում էմբրիոնների թիվը կարող է լինել 1-4-ը: Այնուհետև խողովակները խնամքով տեղավորում են հատուկ արկղերում, որոնք իջեցնում են, այսպես կոչված, հեղուկ ազոտով ռեզերվուարների` Դյուարի անոթների մեջ:
Անաբիոզի վիճակը չի ազդում էմբրիոնների որակի վրա, և հետսառեցումից հետո դրանք լիովին վերականգնվում են:
Կրիոկոնսերվացիայի օգտագործմամբ ԱՄԲ-ով ծնված փոքրիկները ոչնչով չեն տարբերվում այլ երեխաներից` աճով և զարգացմամբ: Ավելին` նրանք հազվադեպ են ծնվում անհաս, և բնածին արատների հավանականությունը նույնպես շատ ցածր է:
Մեթոդի հիմնական առավելություններն են.
- բեղմնավորման փորձի կրկնության հնարավորությունը,
- մեծ տարիքում հղիության համար նախապես նյութի պատրաստման հնարավորությունը՝ առանց բարձրացնելու պտղի համար մուտացիայի ռիսկերը,
- անպտուղ զույգերին կենսանյութ տրամադրելու հնարավորությունը,
- ժառանգական և քրոմոսոմային ախտաբանությւոնների զարգացման վտանգի նվազումը, երբ ծնողներց մեկը գենետիկ հիվանդության կրող է (բոլոր էմբրիոնները ենթարկվում են գենետիկ հետազոտության),
- ծնող դառնալու հնարավորություն նույնիսկ վերարտադրողականության անընդունակ վիճակում՝ փոխնակ մայրերի օգնությամբ
Եթե զույգը դեմ է կենսանյութի հետագա պահպանմանը՝ այն ոչնչացվում է: