Գլխավոր | Լուրեր | Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո

Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո


2022 Փետ 22, Երեքշաբթի

Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի:

Դասական ԱՄԲ-ից զատ, արհեստականորեն հնարավոր է կարգավորել դաշտանային ցիկլը, ֆոլիկուլների զարգացումը և ձվազատումը: Կան առավելապես պակաս միջամտությամբ բեղմնավորման տարբերակներ:

  • ԱՄԲ` բնական ցիկլում, երբ ընդհանրապես չեն օգտագործվում հորմոնալ պատրաստուկներ: Վերարտադրողաբանը հետևում է ֆոլիկուլի զարգացմանը և անհրաժեշտ պահին այն ենթարկում պունկցիայի: Ստացված ձվաբջիջներն արդեն լաբորատոր պայմաններում միացնում են սպերմատոզոիդի հետ, իսկ 3-5 օր անց ներդնում արգանդի խոռոչ: Այս մոտեցումը շատ քիչ կանանց մոտ է կիրառելի, օրինակ, երբ անպտղությունը կապված է արգանդի փողերի խնդրի հետ, իսկ դաշտանային ցիկլը միանգամայն նորմալ է:
  • ԱՄԲ` նվազագույն դրդմամբ. այս մեթոդը նման է դասականին, որի ժամանակ բնական ձվազատումը ճնշվում է, իսկ ձվաբջջի հասունացումն ապահովվում է հորմոնալ պատրաստուկների օգնությամբ: Տարբերությունը հորմոնալ դեղերի փոքր դոզան է:

Այս մեթոդների կիրառումն առավել նպատակահարմար է, քանի որ հորմոնների ազդեցությունն օրգանիզմի վրա նվազեցված է:

Բնական ծննդաբերության և կեսարյան հատման միջև ընտրությունը ԱՄԲ-ից հետո բոլորովին կապված չէ այն բանի հետ, թե ինչպիսի ուղեցույց է օգտագործվել հղիության համար. ընտրության համար նշանակություն ունեն այլ տարբեր գործոններ:

Ծննդաբերության նախապատրաստումը

Մոտավորապես 30 շաբաթականից սկսած հղիին խորհուրդ է տրվում պայուսակ պատրաստել ծննդատուն տանելու համար, որտեղ պետք է լինեն իրեր և՛ երեխայի, և՛ իր համար: Ամղջ հղիության ընթացքում պետք է ունենալ փոխանակման քարտ, որտեղ մանրամասն տեղեկատվություն է նշված հեստացիոն ընթացքի և հղիի ու պտղի առողջության վերաբերյալ.

  • արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, հեշտոցի քսուքի հետազոտություն,
  • արյան կենսաքիմիական հետազոտություն,
  • արյան մակարդելիության որոշում,
  • արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում,էլեկտրասրտագրություն,
  • Ֆոնոկարդիոտոկոգրաֆիա,
  • ՈՒՁՀ՝ պտղի, պլացենտայի, պտղաջրերի, պորտալարի,
  • Դոպլերոմետրիա. արյան շրջանառության գնահատում՝ պտղի, պորտալարի և այլն:

Արտաքին զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում որոշվում է, թե ինչ եղանակով է իրականացվելու ծննդալուծումը:

ԱՄԲ-ից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը

Ծննդալուծման մոտեցումը որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

  • մոր տարիքը,
  • անպտղության պատճառները,
  • հղիության ընթացքի առանձնահատկությունները, առկա բարդությունները,
  • պտուղների քանակը,
  • պտղի դիրքը,
  • ընկերքների և ամնիոտիկ խոռոչների քանակը,
  • ուղեկցող հիվանդությունների առկայությունը:

Եթե հղիությունը մեկ պտղանի է, հղին երիտասարդ է, անպտղությունը կապված է արգանդի փողերի բացակայության կամ սպերմայի վատ որակի հետ, ապա, որպես կանոն, պլանավորվում է բնական ծննդաբերություն: Ընդ որում, պտղի դիրքը պետք է լինի գլխային առաջադրությամբ, քաշը` ոչ պակաս 2,5 կգ-ից և ոչ ավելի` 4 կգ-ից, ընկերքը ներքին բացվածքը փակած չլինի:

Հնարավո՞ր են հետագա ծննդաբերություններ:

Այո: Կնոջ օրգանիզմը ծննդաբերությունը ԱՄԲ-ից հետո ընկալում է նույն կերպ, ինչպես բնական հղիությունից հետո:



Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի