Էնդոմետրիոզը` անպտղության պատճառ
2022 Փետ 18, Ուրբաթ
Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է հորմոնալ և իմունոլոգիական դիսբալանսի ֆոնի վրա:
Վիճակագրության համաձայն էնդոմետրիոզով կանանց 40 տոկոսի մոտ հանդիպում է անպտղություն:
Էնդոմետրիոզի ժամանակ անպտղության ավելի ակնհայտ մեխանիզմներից է փոքր կոնքում կպումների առաջացումը: Կպումները պաշտպանական բնույթ ունեն, այդ կերպ օրգանիզմը ձգտում է սահմանափակել հիվանդության տարածումը: Արգանդի փողերի, ձվարանների, կոնքի պատերի, արգանդի, աղիների միջև կպումների հետևանքով արգանդի փողերը ձևախախտվում են, խանգարվում է նրանց անցանելիությունը՝ արդյունքում խանգարվում է բեղմնավորված ձվաբջջի անցումը փողով` արգանդի խոռոչ:
Անպտղության կարևոր գործոններից է էնդոմետրիոզով կանանց մոտ պրոստոգլանդինների չափից ավելի քանակը: Այս կենսաբանական ակտիվ նյութերն անհրաժեշտ են ձվազատման, դեղին մարմնի ռեգրեսիայի, սպերմատոզոիդների շարժունակության, իմունային պաշտպանության, ծննդաբերության ժամանակ արգանդի կրճատման համար, դաշտանի ժամանակ: Դրանք կարևոր դեր ունեն նաև բեղմնավորման և էմբրիոնի իմպլանտացիայի ժամանակ: Էնդոմետրիոզի դեպքում դիտվում է պրոստոգլանդինների ակտիվ արտադրություն, որը խաթարում է վերարտադրողական համակարգի շղթայի շատ օղակներ` նպաստելով անպտղության առաջացմանը:
Անպտղության գործոններից է նաև էնդոմետրիոզի ժամանակ իմունային համակարգի խանգարումը: Հաճախ այն ունի բարդ բնույթ և արտահայտվում է մի կողմից՝ էնդոմետրիոզի «ոչ ճիշտ» օջախների ոչնչացման անբավարարությամբ, մյուս կողմից՝ էնդոմետրիումի հյուսվածքի դեմ հակամարմինների արտադրմամբ, և որպես հետևանք՝ արգանդի լորձաթաղանթի աուտոիմուն ախտահարումով: Դա իր հերթին բերում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայի կամ հղիության ընդհատման` վաղ ժամկետներում:
Էնդոմետրիոզի կարևոր պատճառներից է հորմոնների դիսբալանսը՝ էսթրոգենների գերակշռումը դեղին մարմնի հորմոնի՝ պրոգեսթերոնի վրա: Այդ վիճակն կոչվում է հիպերէսթրոգենիա: Էսթրոգենների ավելցուկը կարող է բացարձակ (ավելցուկային արտադրություն, օրինակ` ուռուցք), կամ հարաբերական լինել (էսթրոգենների մակարդակը նորմալ է կամ մի փոքր բարձր` պրոգեսթերոնի մակարդակի կտրուկ նվազման ֆոնի վրա): Հորմոնների այդպիսի դիսբալանսը մեծավ մասամբ անպտղության պատճառ է, քանի որ այդ պայմաններում ձվազատում չի իրականանում:
Էնդոմետրիոզի ժամանակ անպտղության տարբեր մեխանիզմները պահանջում են բուժման տարբեր մոտեցումներ և բուժման անհատական ծրագիր: Միշտ պետք է հիշել, որ խիստ կարևոր է բուժումը հնարավորին վաղ սկսել:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի