Արգանդի փողերի և արգանդի հետազոտության (էխոհիստերոսալպինգոսկոպիա. ԷՀՍՍ) գործընթացում մեծ դեր ունի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ):
ԷՀՍՍ առավելություններն են.
- արագ և անցավ հետազոտությունը,
- չի պահանջում բարդ նախապատրաստություն,
- օրգանիզմը չի ենթարկվում ռենտգեն ճառագայթման:
ԷՀՍՍ ժամանակ ո՛չ միայն գնահատվում են ֆալոպյան փողերը, այլ նաև արգանդի խոռոչի և նրա փողերի վիճակը, որը թույլ է տալիս վաղ հայտնաբերել ախտաբանությունը և ժամանակին կազմակերպել բուժումը:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը
Սովորական ՈՒՁ հետազոտության ժամանակ արգանդի փողերը տեսնել հնարավոր չէ: Այդ պատճառով, նրանց անցանելիությունը պարզելու համար կիրառվում է հատուկ մեթոդ՝ հատուկ հեղուկի օգտագործմամբ, որը տեսանելի է դաևձնում արգանդի փողերը:
Արգանդի փողերի անցանելիության ստուգումն իրականացվում է դաշտանային ցիկլի առաջին շրջանում: Եթե կինն օգտագործում է պերօրալ հակաբեղմնավորիչներ, հետազոտությունը կարելի է կատարել դաշտանային օրերից զատ՝ ցանկացած օր: Որոշ դեպքերում բուժող բժիշկը կարող է հետազոտությունը նշանակել դաշտանային ցիկլի հետ կապված որոշակի օր:
Արգանդի փողերի ախտորոշումն սկսվում է փոքր կոնքի օրգանների նախնական ՈՒՁ հետազոտությամբ, որի նպատակն է պարզել կամ բացառել հղիության և բորբոքային վիճակի առկայությունը:
Հետազոտությունն իրականացվում է արգանդի վզիկի մեջ մտցվող միանգամյա կաթետրի օգնությամբ, որի միջով արգանդի խոռոչ է ներմուծվում սենյակային ջերմաստիճանի հատուկ հեղուկ: Հեղուկը լցնում է արգանդի խոռոչը, ապա ֆալոպյան փողեր և որովայնի խոռոչ: Հենց այդ էտապում բժիշկը գնահատում է ֆալոպյան փողերի անցանելիությունը: Եթե հեղուկը դուրս չի գալիս փողերից, ուրեմն առկա է անանցանելիություն:
ԷՀՍՍ-ն տևում է մոտավորապես 15-20 րոպե: Հետազոտության ժամանակ և դրանից հետո բուժառուի մոտ կարող է որոշ անախորշ զգացողություն լինել, որը շատ արագ անցնում է:
ԷՀՍՍ հետազոտության նախապատրաստումը
Նախքան հետազոտությունն անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները.
- քսուկ՝ հեշտոցի միկրոֆլորան պարզելու համար,
- արյան հետազոտություն՝ սիֆիլիսի, ԴԻԱՎ, հեպատիտ В և С վարակների հանդեպ (արդյունքն ուժի մեջ է 3 ամիս),
- ԷՀՍՍ իրականացնելու օրը բուժառուն պետք է կատարի սովորական հիգիենիկ միջոցառումներ,
- հետազոտությունից առաջ պետք է միզապարկը դատարկել: