Անպտղության պատճառները. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ
2021 Սեպ 08, Չորեքշաբթի
Ո՞ր դեպքերում է ախտորոշվում անպտղություն:
Անպտղություն ախտորոշվում է, երբ կինը մեկ տարի կանոնավոր սեռական կյանքից հետո, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, չի հղիանում: Սեռական կյանքը համարվում է կանոնավոր, եթե սեռական հարաբերությունների հաճախականությունը շաբաթը 2 անգամ և ավելի է:
Որքա՞ն հաճախ է զույգերի մոտ անպտղություն ախտորոշվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով անպտղությունն աշխարհում հանդիպում է զույգերի 8-17 տոկոսի մոտ (մոտավորապես 60-80 մլն ընտանիք):
Ինչպիսի՞ն է տոկոսային հարաբերությունը կանանց և տղամարդկանց մոտ:
Կարծիք կա, որ անպտղությունն առավելապես դիտվում է կանանց կողմից առկա խնդիրների հետևանքով: Իրականում կանանց և տղամարդկանց մոտ այն հավասարապես է արտահայտված: Բոլոր դեպքերում, պետք է չկենտրոնանալ միմյանց մեղադրելու վրա, պարզապես հարկ է ժամանակին դիմել մասնագետի:
Որո՞նք են կանանց մոտ անպտղության պատճառները:
Կանանց անպտղությունը 25-35% դեպքերում պայմանավորված է արգանդի փողերի անանցանելիությամբ: Արգանդի փողերը զգայուն են տարած վարակների, որովայնի խոռոչի վիրահատական միջամտությունների նկատմամբ:
Անպտղության կարևոր պատճառ է կնոջ տարիքը, քանի որ ժամանակի ընթացքում տուժում են ձվաբջիջների որակը և քանակը:
Պատճառներից է նաև էնդրիոմետրիոզը, որի ախտորոշման դեպքում կանանց 30-50 տոկոսի մոտ դիտվում է անպտղություն:
Անպտղությանը նպաստում են նաև հորմոնալ խանգարումները, որոնք երբեմն ձվարանների պոլիկիստոզի կամ այլ ախտաբանական վիճակների արդյունք են:
Կարևոր դեր ունեն նաև արգանդի բնածին ախտաբանությունները. արգանդում միջնապատի առկայություն, երկեղջյուր կամ երկակի արգանդ, Մայերի, Կուստերի, Խաուզերի համախտանիշներ և այլն:
Անպտղություն դիտվում է նաև ֆիբրոզ ուռուցքների, տարբեր մետաբոլիկ խանգարումների (ճարպակալում, շաքարային դիաբետ, վահանագեղձի դիսֆունկցիա), հոգեբանական խնդիրների դեպքերում:
Որո՞նք են տղամարդկանց մոտ անպտղության պատճառները:
Տղամարդկանց մոտ անպտղության ամենաշատ տարածված պատճառը սպերմատոզոիդների արտադրման խնդիրներն են: Չնայած բեղմնավորման համար բավական է միայն մեկ սպերմատոզոիդ, սակայն ձվաբջջի թաղանթը քայքայելու համար անհրաժեշտ է մի քանի սպերմատոզոիդների ֆերմենտների ազդեցությունը: Հղիության համար սերմնահեղուկի խտությունը պետք է բավարար չափով լինի՝ սպերմայի յուրաքանչյուր մլ-ում 15 մլն-ից ոչ պակաս սպերմատոզոիդ:
Անպտղության պատճառներից է օբտուրացիոն խնդիրը, երբ տուժում է սպերմատոզոիդի շարժունակությունը: Պատճառ կարող է լինել իմուն համակարգը, երբ տղամարդու մոտ արտադրում է սպերմատոզոիդներին ոչնչացնող հակամարմիններ:
Անպտղության պատճառ է նաև կնոջ և տղամարդու անհամատեղելիությունը. երբեմն կնոջ օրգանիզմում արտադրվող հակամարմինները սպանում են զուգընկերոջ կողմից արտադրվող սպերմատոզոիդներին, սակայն այլ զուգընկերների պարագայում և՛ կինը, և՛ տղամարդը կարող են երեխաներ ունենալ:
Ինչպիսի՞ հետազոտություններ են անհրաժեշտ անպտղությունը հաստատելու համար:
Շատ կարևոր է կնոջ և տղամարդու համատեղ հետազոտությունը:
Առաջին էտապում իրականացվում են ընդունված մեթոդներ՝ ձվազատման խանգարումները, փողային և պերիտոնեալ գործոնները, գինեկոլոգիական հիվանդությունները, հորմոնալ խնդիրները հայտնաբերելու համար: Իրականացվում են նաև ГСГ, սպերմագրամա:
Երկրորդ էտապում իրականացվող հետազոտությունները կախված են տվյալ զույգի մոտ հայտնաբերված խնդիրներից:
Պետք է հիշել, որ անպտղությունը հնարավոր է բուժել: Հատկապես վերջին տարիներին բուժման մեթոդներն այնպիսի զարգացում են ապրել, որ հնարավոր է անպտուղ զույգին օգնել անգամ ամենադժվար վիճակների դեպքում:

Վերջին լուրեր
«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ
2024 Դեկ 10, Երեքշաբթի
Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար
2024 Օգս 01, Հինգշաբթի
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին
2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից
2024 Մար 11, Երկուշաբթի