Գլխավոր | Լուրեր | Հոգեբանական անպտղություն. հարցազրույց հոգեբան Էլեոնորա Սաղաթելյանի հետ

Հոգեբանական անպտղություն. հարցազրույց հոգեբան Էլեոնորա Սաղաթելյանի հետ


2021 Օգս 24, Երեքշաբթի

Ըստ հետազոտությունների, հոգեբանական անպտղությունը հանդիպում է ամուսնացած զույգերի 4-40%-ի մոտ:  Այն կարող է ախտորոշվել անկախ տարիքից և բացահայտվել միայն այն ժամանակ, երբ զույգը ցանկանում է երեխա ունենալ:

Ի՞նչ պատճառները կարող են բերել հոգեբանական անպտղության:

Հոգեբանական անպտղության գլխավոր և հիմնական պատճառներից են սթրեսը և տրավմատիկ իրադարձությունները թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ:

Կանանց մոտ.

  • վախ հղիության ծանր ընթացքից և ցավոտ ծննդաբերությունից,
  • գիրանալու և այլևս գրավիչ չլինելու վախ,
  • ընտանիքի կանանց կողմից հնչեցված դաժան պատմությունները հղիության և ծննդաբերության վերաբերյալ,
  • մանկական տրավմաներ, բռնություն,նախկինում ունեցած վիժման կամ կորստի փորձ,
  • տղամարդու հանդեպ ունեցած բացասական վերաբերմունք,
  • ընտանիքի անդամների հետ խնդիրներ,
  • մայրիկի հետ չհաղթահարված կոնֆլիկտ,
  • երբ աղջիկը փոքր տարիքում հոգ է տարել իրենից փոքր քույրերին և եղբայրներին,
  • նյութական խնդիրներ:

Սթրեսի, դեպրեսիայի հետևանքով ճնշվում է իմունային համակարգը, հոգեբանական գործոնները ներազդում են նյարդային համակարգի վրա, որն էլ իր հերթին ճնշում է ներզատական, մկանային, անոթային համակարգերի, օրգան համակարգերի ֆիզիոլոգիական գործընթացները և, խաթարելով նրանց գործունեությունը, առաջացնում է վերարտադրողական դիսֆունկցիա:

Տղամարդկանց մոտ.

Տղամարդկանց մոտ նույնպես կարող են հորմոնալ և հոգեբանական ազդեցություններ դիտվել, որոնք նույնպես կարող է նպաստել հոգեբանական անպտղությանը:

  • ապագայում պատասխանատվություն վերցնելու և ծնող դառնալու ներքին վախ,
  • ընտանեկան հարաբերություններում անկայունություն, անվստահություն,
  • մանկական տարիքում ապրած հոգեկան տրավմաների ազդեցություն,
  • երեխայի ծնվելուց հետո կնոջ կողմից սիրո և ուշադրության պակասի հանդեպ վախ:

Կարո՞ղ է ազդեցություն ունենալ շրջապատը:

Անպտղությամբ տառապող զույգի կյանքում մեծ է նաև հասարակության դերը: Ավանդական հայկական ընտանիքներում երեխայի կարևորությունը շատ մեծ է, հետևաբար, ամուսնությունից հետո անմիջապես սկսվում են հղիության ուշացման հետ կապված և այլ հարցումները՝ ընտանիքի անդամների, ընկերների, մոտ և հեռու բարեկամների կողմից: Այդ ճնշումն այնքան մեծ է, որ ապագա ծնողների մոտ առաջանում է անպիտանելիության և թերարժեքության զգացում, ինչը նույնպես կարող է վերարտադրողան դիսֆունկցիայի պատճառ դառնալ:

Հոգեբանական անպտղությունը տարբերվո՞ւմ է սովորական անպտղությունից:

Հոգեբանական անպտղությունը չունի ֆիզիոլոգիական հիմնավորումներ և դասվում է հոգեսոմատիկ խանգարումների դասին: Սակայն, ինչպես և ֆիզիոլոգիական անպտղությունը, այն պահանջում է համապատասխան բուժում:

Որքա՞ն է բուժման հավանականությունը:

Բուժման հավանականությունը բարձր է միայն այն դեպքում, երբ բուժվողն ամբողջությամբ հավատում և վստահում է բուժման մեթոդին՝ հոգեթերապիային:
Հոգեբանական անպտղության հոգեսոմատիկ արտահայտությունները վերացնելու համար անհրաժեշտ է անցնել հոգեթերապիա, որը կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի՝ կախված անձի անհատականությունից, թե որքան արագ նա կկարողանա մտերմանալ պերինատալ հոգեբանի հետ, և ազատ ու անկաշկանդ խոսել առկա վախերի, նախկինում ունեցած հոգեկան տրավմաների մասին:

Երբ անպտղությունը գերլարված աշխատանքի, հղիության վրա կենտրոնացած լինելու, շրջապատի սպասումները իրականացնելու ցանկության հետևանք է, ապա օգնում են նաև.

  • մեդիտացիան,
  • շնչառական վարժությունները,
  • յոգան,
  • մերսումը,
  • ջրային ցանկացած միջոցառումները,
  • առողջ ապրելակերպը:

Վերջին լուրեր

«Մարգարյան ծննդատան» ԱՄԲ առաջատար մասնագետների այցը Արմավիրի ԲԿ

2024 Դեկ 10, Երեքշաբթի

Կրծքով կերակրում՝ առավելությունները մայրիկի առողջության համար

2024 Օգս 01, Հինգշաբթի

Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին

2024 Հուլ 31, Չորեքշաբթի

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից

2024 Մար 11, Երկուշաբթի